23 մայիսի 2020 - 11:29 AMT
ԱԱՏՄ․ Մինչև մայիսի 22-ը 24 ժամով կասեցվել է մոտ 580 տնտեսվարողի գործունեությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից մայիսի 22-ը Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Երևանի և մարզերի մոտ 580 տնտեսվարողի գործունեությունը, կասեցումը 24 ժամով է։

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։ «Արձանագրվող հիմնական խախտումներից են աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելը, ախտահանման աշխատանքների թերի կատարումը, ջերմաչափման և գրանցամատյանների վարման ոչ պատշաճ իրականացումը և այլն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքի համար հիմք են ընդունվում նաև թեժ գծով՝ 8107 և առցանց ստացված բողոքները։ Տեսչական մարմինը հունվարի 24-ից շարունակում է աշխատել ուժեղացված վերահսկողական ռեժիմով։