«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ուղիղ 2 տարի առաջ «Այբ»-ին ուղղված և մինչ օրս որևէ ապացույց չգտած մեղադրանքները (չնայած երկարատև ուսումնասիրություններին) հիմք հանդիսացան միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի տարածումը դպրոցներում կասեցնելու համար։
2018-ին «Այբի» ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։ Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին։
2020-ի մայիսի 6-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ «Այբ» դպրոցի գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունն ուղարկվել է համապատասխան մարմիննեին։
Նշվում է, որ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու ծրագիրը, որը ստեղծվել էր Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ գործակցությամբ, պետք է 2018 թ. սեպտեմբերից աստիճանաբար ներդրվեր ՀՀ ու Արցախի բոլոր ավագ դպրոցներում։
«Ինչի՞ կհասնեինք մենք բոլորով, եթե ծրագիրը չկասեցվեր 2018-ին. այսօր արդեն ՀՀ-ում և Արցախում կունենայինք նոր որակի կրթական համակարգով ու վերազինված տասնյակ դպրոցներ, վերապատրաստված ուսուցիչների ուժեղ համայնք, միջազգային ճանաչում ունեցող դիպլոմի սպասող բազմաթիվ դպրոցականներ ու նրանց առջև բացվող նոր հորիզոններ։
Այս 2 տարիների ընթացքում, սակայն, մենք ոչ միայն չենք դադարել մեր առաքելությանը, այլև ունեցել ենք նոր նախաձեռնություններ.․․Համավարակը տեսանելի դարձրեց հատկապես կրթական համակարգի ճգնաժամը: «Քան» ակադեմիայի «Այբ»-ի հարթակը դարձավ անվճար հեռավար կրթության ամենահասանելի հարթակներից ու համապարփակ լուծումներից մեկը (հարթակը YouTube-ում ունի մեկ միլիոնից ավելի դիտում, կայքում գրանցված 28,000 օգտատեր, որից 4800-ն ուսուցիչներ են)»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիմնադրամի աշխատանքի արդյունքում հայերեն է տեղայնացվել ավելի քան 15,000 տեսանյութ ու վարժություն։ Իսկ «Այբ» դպրոցը և Դիլիջանի կենտրոնական դպրոցը համավարակային մեկուսացման առաջին իսկ օրվանից անխափան իրականացրել են Արարատյան բակալավրիատի առցանց դասավանդում:
«Այբը» հաջողության պատմություն է, և մենք կամենում ենք այդ հաջողությունը դարձնել բոլորինս․․․Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կողմերի ու կառույցների հետ, որոնք շահագրգիռ են կրթական բարեփոխումների հարցում և ուզում են Հայաստանը դարձնել կրթության երկիր»,-ասվում է հայտարարության մեջ։
Արդեն 14 տարի է՝ «Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է կրթական տարբեր նախագծեր՝ նպատակ ունենալով մրցունակ դարձնել հայկական կրթությունը և մեր երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն: «Այբ» դպրոցն իր կրթաթոշակային բաղադրիչով, Դիլիջանի կենտրոնական դպրոցը, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, լայն ճանաչում ձեռք բերած դպրոցական «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» մրցույթներն ու Պատանի քիմիկոսների համահայկական և ուսանողական մրցաշարերը, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, «ԱյբԼաբ»-երը, Արարատյան բակալավրիատը (ԱԲ) «Այբ»-ի գործունեության մի մասն են ընդամենը։ «Այբi» նախագծերում ամեն տարի ներգրավվում 1 Հայաստանի ու Արցախի մոտ 1100 դպրոց և մոտ 125, 000 աշակերտներ։ Հիմնադրամին աջակցում է ավելի քան 250 բարերարներ աշխարհի տարբեր անկյուններից։