26 մայիսի 2020 - 15:01 AMT
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական կորոնավիրուսի ախտորոշման մոտ 1000 թեստ կարտադրի

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական մոտ 1000 թեստ կարտադրի կորոնավիրուսի ախտորոշման համար։ Այդ մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին:

ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացել է թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկել աշխատանքների ընթացքը և զարգացումները:

Մոտ օրերս Ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն:

«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100,000 թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից թեստ արված նմուշներն ու կրկնում՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասել է Արսեն Առաքելյանը:

Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիայի) դեպքում: Ըստ Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական մոտ 1000-2000 թեստ արտադրել:

Կառավարությունը $550,000 էր նախատեսել կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունը կազմակերպելու համար։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ 100,000 թեստի արտադրության համար կծախսվի նախատեսված գումարի կեսը՝ մոտ $250,000, մյուս կեսը՝ նյութերի գնման համար։

Վարակի բռնկումից սկսած՝ Հայաստանում 52,554 մարդ է թեստավորվել։ Երկրում մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7402-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 91 է, այլ պատճառով՝ 39։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3220 պացիենտ։