28 մայիսի 2020 - 20:05 AMT
Թորոսյան․ ՀՀ-ում իրավիճակը լարված է, 316 վարակված ծանր վիճակում է, 53-ը՝ ծայրահեղ ծանր

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, երկրում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 53 քաղաքացի կա, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր կողմից ձեռնարկվող միջոցառումները պետք է շարունակաբար և կարգապահ պահպանվեն, որպեսզի աճի թիվը կարողանանք պահել նույն շրաջանակում և սկսենք աճի թիվն իջեցնել, որ ունենանք համավարակի մարում։ Այս պահին 316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53՝ ծայրահեղ ծանր և 17 թոքերի արհեստական օդափոխման սարքերի միացված քաղաքացի», - ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մայիսի 27-ին մահերի թիվը ռեկորդային՝ 15-ի է հասել։

Մայիսի 27-ի երեկոյան դրությամբ, ծանր էր պացիենտներից 271-ի վիճակը, ծայրահեղ ծանր՝ 53-ինը, արհեստական օդափոխության սարքերին միացված էր 18 պացիենտ:

Թորոսյանի խոսքով՝ շարունակվում են ինտենսիվ թերապիայի գծով մահճակալային ֆոնդի ընդլայնումը։ Առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում մահճակալների թիվը կավելանա 100-ով, որից 50-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, 50-ը՝ Էրեբունի ԲԿ-ում։

«Կորոնավիրուսն անկանխատեսելի հիվանդություն է ու չկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին հարյուր տոկոսով դրական ելքով դուրս կգա հիվանդությունից», - ասել է նա։

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, առողջացել է 3287 պացիենտ։