29 մայիսի 2020 - 11:04 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 460 նոր դեպք կա և 8 մահ

Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 460-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով ևս 8 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 120 է, այլ պատճառով՝ 45։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - հայտնում են ԱՆ-ից:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:

Դուրս է գրվել ևս 10 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3297 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 56,042 թեստավորում:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 17 պացիենտ: