20 հունվարի 2009 - 17:35 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Երեւանում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:
Գտնվելով Բաքվում` Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ հնարավոր է համարում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնավոր սկզբունքներով պայմանավորվածության մոտալուտ ձեռքբերումը: «Կարծում եմ, որ եթե կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, ապա կարելի կլինի պայմանավորվածության հասնել հիմնավոր սկզբունքներով եւ անցնել համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին»,- հայտնել է Յուրի Մերզլյակովը:
Նախօրեին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Երեւանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը մադրիդյան սկզբունքների հիման վրա` հենվելով Մոսկվայում եւ Հելսինկիում անցկացված հանդիպումների արդյունքների վրա: