30 մայիսի 2020 - 10:55 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 251 նոր դեպք կա ու 10 մահ

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8927 –ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 251-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով ևս 10 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 127 է, այլ պատճառով՝ 48։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից:

Դուրս է գրվել ևս 20 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3317 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 57,081 թեստավորում:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 29-ի դրությամբկորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 17 պացիենտ: