30 մայիսի 2020 - 15:12 AMT
Վարչապետ․ Ֆիզանձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու ժամանակն է

Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում համակարգի ներդրման քննարկման ժամանակ։

Նա ասել է, որ փոփոխություններն արվում են պետության ներուժը մեծացնելու համար։

«Փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները։ Փոփոխության պետք է ենթարկվեն մեր պատկերացումները ՀՀ բյուջեի մասին։ Դա այն համախառն գումարն է, այն ազգային-պետական գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցները։

Պետք է արձանագրենք, որ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված է նրանից, թե մեր պետությունն ինչ պոտենցիալ ունի, ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունն ու քաղաքացիները» ,-ասել է նա։

Այդ տեսակետից վարչապետը 2 փոփոխություն է կարևորել․ 1-ը՝ գույքահարակի նոր համակարգը և 2-ը՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը։

Ըստ Փաշինյանի` դա թույլ կտա հստակ պարզել կարիքավորների քանակը և հասցեական դարձնել օգնությունը։

Մայիսի 27-ին Կառավարությունն ընդունել է հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: