30 մայիսի 2020 - 21:30 AMT
Ոստիկանությունն արգելափակել է դեպի Ղալթաղչիի Սբ Հովհաննես ճանապարհները

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ արգելափակել է հայտնի ուխտատեղի` Հարթագյուղի (առավել տարածված անվանումը՝ Ղալթաղչիի) Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները մարդկային մեծ կուտակումների պատճառով։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանել հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը։ Բացի այդ, անտեսվել է հանգստյան օրերին ուխտագնացություններից ու տեսարժան վայրեր գնալուց զերծ մնալու կոչը։

«Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները... Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով», - ասվում է հայտարարությունում։