1 հունիսի 2020 - 15:37 AMT
Պուտինը հեռախոսազրույցում շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին և նրա ընտանիքին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:

Հեռախոսազրույցի շրջանակում Փաշինյանը և Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև գործակցության հարցերը: Նախագահ Պուտինն ընդգծել է Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առթիվ օրեր առաջ ստացված հրավերի համար ու հույս հայտնել, որ մինչև այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել այդ միջոցառումներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունիսի 1-ին նշում է իր ծննդյան օրը։ Առավոտյան նա ֆեյսբության եթերում հայտարարել է, որ ինքը, ինչպես նաև ամբողջ ընտանիքը, վարակվել են կորոնավիրուսով։