1 հունիսի 2020 - 15:46 AMT
Դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը բուժվել է Covid-19-ից մոտ 44 օր վերակենդանացման բաժնում մնալուց հետո

Մոտ 44 օր վերակենդանացման բաժնում մնալուց հետո կորոնավիրուսից բուժվել է շաքարային դիաբետ ունեցող, հեմոդիալիզ ստացող 47-ամյա մի կին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«ԲԿ-ից դուրս է գրվել պացինետը, որը հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել մոտ 44 մահճակալային օր: 47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ»,- հայտնել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ կինը բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչառական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին:

Բուժման արդյունքում 24-րդ օրը պացիենտը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև կորոնավիրուսի թեստը:

ԲԿ-ի խոսնակը հայտնել է, որ պացիենտն այժմ այլ բուժկենտրոնում է, հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում։

ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։ Ավելի վաղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրւոսից բուժվել ու տուն էր ճանապարհվել 96-ամյա մի տղամարդ։