1 հունիսի 2020 - 18:50 AMT
Վրաստանի վարչապետը կոչ է արել դիմակ կրել

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել բնակիչներին մշտապես բժշկական դիմակներ կրել՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը։

Նա հայտարարել է, որ վարակը ոչ մի տեղ չի անհետացել, հիվանդությունը չի սպառվել, ուստի դիմակ կրելը կնպաստի տարածման կանխարգելմանը՝ հատկապես հանրային վայրերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլորս պետք է հասկանանք, որ վիրուսը դեռ հաղթահարված չէ, քանի որ դա անհնար է անել առանձին վերցրած երկրում՝ սա գլոբալ պանդեմիա է և հաղթանակ պետք է տոնի ամբողջ աշխարհը միասին։ Մեր խնդիրն է վիրուսի տարածման արդյունավետ վերահսկումը»,- ասել է նա։

Գախարիան հավելել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է հաստատված բոլոր կանոնները պահպանելու համար։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 11 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը հասել է 794-ի։ Կորոնավիրուսից ապաքինվել է 624 մարդ, 12 պացիենտ մահացել է։ Կարանտինում 2494 մարդ կա, իսկ փաստացի բուժվում է 301-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։