2 հունիսի 2020 - 10:31 AMT
Հորդոր ավիաուղևորներին՝ դիմակ կրել և 1 մ հեռավորություն պահել

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում հորդորում է ինքնաթիռում դիմակ կրել, 1 մ հեռավորություն պահպանել ուղևորների միջև և ջերմաչափում իրականացնել։

ICAO-ի համապատասխան հանձնարարականները մշակվել են ԱՀԿ և Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ ICAO-ի` օդանավակայան ժամանող ուղևորները պետք է տեղեկանք ունենան առողջության վերաբերյալ և ջերմաչափվեն։ Թռիչքի ավարտին նրանց ջերմությունը կրկին պետք է չափվի։ Կազմակերպությունը նաև խորհուրդ է տալիս, ըստ հնարավորության` խուսափել ֆիզիկական շփումից, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային տոմսերից։

Կազմակերպությունը նաև հորդորում է ուղևորներին պաշտպանիչ դիմակներ կրել օդանավակայանում և ամբողջ թռիչքի ընթացքում։ Ինքնաթիռում ուղևորները պետք է հնարավորինս քիչ լքեն իրենց տեղը, հարկավոր է նաև խուսափել զուգարանի հերթերից։ ICAO-ի հորդորները խորհրդատվական բնույթ են կրում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հունիսի 1-ի տվյալներով անցել է 6․1 մլն-ից, վիրուսից մահացել է 372,000-ից ավելի մարդ, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։

Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրում կորոնավիրուս հաստատվել է 1․7 մլն-ից ավելի մարդու մոտ, երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ վարակված է 514,000-ից ավելի մարդ։ Ռուսաստանը երրորդն է՝ վարակվածների թիվն անցել է 414,000-ից։