2 հունիսի 2020 - 12:33 AMT
4 օր չվճարվող արձակուրդ՝ ազգային փոքրամասնությունների տոներին ու հիշատակի օրերին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տալու մասին օրենքը։

ԱԺ-ում օրինագծին կողմ է քվեարկել 98 պատգամավոր։

Նախագծով առաջարկվում է ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի, քան տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել:

Արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է գրավոր պահանջել աշխատողից գրավոր հիմնավորում։ Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է:

ԱԺ-ն ապրիլի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը՝ 114 կողմ, 3 ձեռնպահ ձայներով: