2 հունիսի 2020 - 14:05 AMT
ՖԻՖԱ-ն չի տուգանի ֆուտբոլիստներին՝ Ֆլոյդի աջակցության ակցիաների համար

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի տուգանի ֆուտբոլիստներին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքների հետ համերաշխության ժեստերի համար։ Այդ ողբերգության հետ կապված քաղաքական ակցիաները կդիտարկվեն ողջամտության տեսակետից և հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները։

ՖԻՖԱ-ում հասկանում են «զգացմունքների խորությունն ու մտավախությունները, որոնք արտահայտում են բազում ֆուտբոլիստներ Ֆլոյդի ողբերգական մահվան կապակցությամբ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն։

Բունդեսլիգայի մի շարք ֆուտբոլիստներ հանդես են եկել ի աջակցություն ԱՄՆ-ում Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարների։ Մասնավորապես, «Շալկեի» ֆուտբոլիստ Ուեսթոն Մաքքենին թևկապ էր կապել որպես ռասիզմի դեմ բողոքի նշան, Մարկուս Թուրամը «Բորուսիայից» իջել է ծնկի, Ջեյդոն Սանչոն և Աշրաֆ Հաքիմին գրել են մարզաշապիկների վրա Justice for George Floyd՝ Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար։

Այդպիսի ակցիաներն արգելված են Բունդեսլիգայի և ՖԻՖԱ-ի կանոնադրություններով։ Գերմանական ֆուտբոլային միությունը խոստացել է քննարկել իրավիճակը վերահսկման կոմիտեում։ Այն կպարզի՝ արդյոք հանդիպումները հարմար վայր են նմանատիպ ակցիաների համար և կքննարկի հնարավոր պատժամիջոցների հարցը։

Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։

Միննեապոլիսում տեղի ունեցած այս ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրով մեկ։ Ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։

Photo. Getty Images