2 հունիսի 2020 - 16:37 AMT
«Վիրտուալ գործադուլ» Facebook-ում՝ ընդդեմ Ցուկերբերգի․ Պատճառը Թրամփի գրառումն է

Facebook-ի տասնյակ աշխատակիցներ «վիրտուալ գործադուլ» են հայտարարել՝ մեղադրելով ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին անգործության մեջ։ Աշխատողները հայտարարել են, որ գործադուլի պատճառն այն է, որ Ցուկերբերգն անտեսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու հրապարակումը։

Մայիսի 29-ին ԱՄՆ-ի նախագահը հրապարակում էր արել սոցցանցերի իր էջերում, որտեղ խոստանում էր Միննեապոլիս ուղարկել Ազգային գվարդիան, եթե քաղաքապետը չկարողանա զսպել ցուցարարներին։ Թրամփի այս հայտարարությունը դժգոհության ալիք էր բարձրացրել։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով երկրի մի շարք քաղքներում բազմամարդ ցույցեր են։ Դատաբժշկական փորձաքննությունն արդեն հաստատել է, որ Ֆլոյդին խեղդամահ է արել ոստիկանը։ Դեպքից հետո ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։

Secretmag.ru-ի փոխանցմամաբ՝ Twitter-ը փակել էր ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ նշելով, որ այնտեղ բռնության կոչ կա, Թրամփն իր հերթին խոստացել էր գրաքննության համար փակել միկրոբլոգը։

Facebook-ն ընդհակառակը՝ անտեսել էր նախագահի հրապարակումը։

Ավելի ուշ Ցուկերբերգը բացատրել էր, որ չի ցանկանում «ճշմարտության արբիտր» լինել սոցցանցերում և իր ընկերությունը նախանշում է արտահայտման մաքսիմալ ազատություն։ Նա նաև հայտնել էր, որ Թրամփի հրապարակումը կարևոր է, քանի որ իշխանության գործողությունների մասին է։

Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։