2 հունիսի 2020 - 17:39 AMT
Լոս Անջելես-Ամստերդամ- Մինսկ-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 214 քաղաքացի

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում են մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։

Մայիսի 30-ին LAX օդակայանից Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով Երևան է ժամանել ՀՀ 70 քաղաքացի։

Կազմակերպչական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում դեսպանության աշխատակիցները։

Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։ Հունիսի 1-ին նույն երթուղիով Հայաստան է վերադարձել ևս 23 քաղաքացի։

Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։