3 հունիսի 2020 - 10:22 AMT
ՀՀ-ում Covid-19-ով վարակված 4 տարեկանի մոտ Կավասակիի սինդրոմ է գրանցվել

Կավասակիի սինդրոմ է արձանագրվել 4 տարեկան երեխայի մոտ, ով վարակվել է կորոնավիրուսով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք: Հուսամ փոքրիկն արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- ասվում է գրառման մեջ:

Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին համաճարակի հետ: Սինդրոմի պատճառագիտությունն ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

Նախարարը բոլորին կոչ է արել խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, չտրվել միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:

Կավասակիի հիվանդությունը (Կավասակիի համախտանիշ) հազվադեպ է, այն այդպես է կոչվել ճապոնացի բժշկի անունով, որն առաջին անգամ այն նկարագրել է 1967-ին։ Հիվանդությանը բնորոշ են արյունատար անոթների բորբոքում, ցան, նշագեղձերի այտուց, շուրթերի չորացում։ Հիվանդությունը ախտահարում է բացառապես մինչև 5 տարեկան երեխաներին։