3 հունիսի 2020 - 10:31 AMT
Արցախում արագ արձագանքման խմբեր կստեղծվեն, մեկուսարանները կընդլայնվեն

Արցախում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված առաջիկա օրերին կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները։ Այդ մասին ասվել է նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունիսի 2-ին անցկացված աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

Հարությունյանը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, ըստ որոնց տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու պահանջները, անհրաժեշտության դեպքում կկիրառվեն գործունեության սահմանափակումներ:

Կվերանայվեն Շահումյանի շրջանի վարակի օջախ չհամարվող համայնքների բնակիչների ազատ տեղափոխման սահմանափակումները, հանրային վայրերում իրականացվող սանիտարա-հիգիենիկ միջոցառումների պարբերականությունը կավելանա:

Իր զեկույցում պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անդրադարձել է բանակում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության ներքո:

Հունիսի 2-ի դրությամբ Արցախում հիվանդացության 54 դեպք կար: Մեկուսացված է 100, առողջացած՝ 26 քաղաքացի: Իրականացվել է 923 թեստավորում: