3 հունիսի 2020 - 15:33 AMT
AP․ Չինաստանը պանդեմիայի սկզբում ուշացումով է տեղեկություններ հայտնել ԱՀԿ-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դժգոհ է եղել, որ Չինաստանը կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում շատ ուշացումով է տեղեկատվություն տրամադրել նոր դեպքերի մասին։ Դա պարզել է Associated Press-ը՝ վերլուծելով ԱՀԿ ներքին փաստաթղթերը։

Ինչպես պարզել են լրագրողները՝ ԱՀԿ պաշտոնայները հրապարակավ բարձր են գնահատել գործակցության մակարդակը Չինաստանի հետ, սակայն, իրականում, այդ երկրի կառավարությունը մեծ ուշացումներով է տեղեկություններ հայտնել համաճարակի ընթացքի մասին, ընդ որում, դեռ հունվարին, երբ համաճարակը նոր էր բռնկվել։

ԱՀԿ աշխատակիցները բողոքել են, որ տեղեկատվությունը բավարար չէ այլ երկրներում պանդեմիային արձագանքելու ծրագիր մշակելու համար։ Բացի այդ, Չինաստանը մի ամբողջ շաբաթ Արևմուտքին չի տրամադրել կորոնավիրուսի գենոմի վերծանումը, երբ այն արդեն չինական 3 ինստիտուտի տրամադրության տակ էր։

Լրագրողների ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ փորձագետները հաճախ են քննարկել, թե ինչպես կարելի է տեղեկատվություն ստանալ Չինաստանի կառավարությունից։