Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է ԱՄՆ-ում սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակի #blacklivesmatter նախաձեռնությանը։
Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարում երևում է, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները ծնկի են իջել՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆլոյդի հիշատակին։
«Այսօր մենք միասնական ենք և սատարում ենք #blacklivesmatter նախաձեռնությանը»,- գրել է ֆուտբոլիստը։
Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։
Միննեապոլիսում տեղի ունեցած այս ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրով մեկ։ Ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։
Ընթերցեք նաև․ ՖԻՖԱ-ն չի տուգանի ֆուտբոլիստներին՝ Ֆլոյդի աջակցության ակցիաների համար