3 հունիսի 2020 - 13:46 AMT
«Մեյմանդարի» շուկայում մեքենա են շրջել․ Քրգործ է հարուցվել

Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայում գյուղմթերքի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել շուկայի գործունեությունը 1 օրով դադարեցնելու Պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։ Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։

Նախաքննության շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել միջադեպին մասնակցած անձինք, կան ձերբակալվածներ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ` միջադեպի հանգամանքները պարզելու, ինչպես և հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։

Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։ Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։

«Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած իրադարձություններին արձագանքել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։