3 հունիսի 2020 - 18:10 AMT
Վրաց վարակաբան. Վրացիները մեզ ավելի շատ լսեցին, քան հայաստանցիները` հայ կոլեգաներին

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն, վարակաբան Պաատա Իմնաձեն, խոսելով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ասել է, որ իրենց բնակչությունն ավելի անսաց մասնագետների հորդորներին, քան հայաստանցիները՝ հայ կոլեգաներին։ Նա նաև դրանում է տեսնում կորոնավիրուսի դեմ պայքարում վրացական կողմի հաջողության պատճառը։

Ըստ նրա՝ Վրաստանում ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեցին՝ պարետային ժամը, խախտումների համար բարձր տուգանքները, անձնական մեքենաներով տեղաշարժի արգելքը, տեղեկացնում է Aliq Media-ն։

«Մեզ մոտ գուցե ավելի խիստ մոտեցում էր։ Պարետային ժամի պայմաններում կարող են միայն հարևանի մոտ գնալ, այդ դեպքում հեշտ է պարզել կոնտակտավորներին, բայց նստել մեքենա, գնալ քաղաքի մյուս ծայրը կամ մի գյուղ արդեն չեն կարող»,- ասել է նա։

Մասնագետը նշել է նաև, որ ախտորոշման համար միայն PSR թեստեր են որպես հիմք ընդունվում, օրական միջինը 1500 թեստավորում է իրականացվում, որից միայն 1 տոկոսն է դրական։ Իսկ ընդհանուր առմամբ երկրում մոտ 60,000 թեստավորում է իրականացվել։

Նաև ընտրովի թեստավորում է իրականացվում, հատկապես՝ Բոլնիսիում, Մառնեուլում։

Իմնաձեն կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված թերահավատությունը կապված է ռուսական քարոզչության հետ։

Վրաստանում հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել, որից 3-ը՝ բերովի։ Այդպիսով վարակակիրների քանակը երկրում հասել է 800-ի, որոնցից 640-ն ապաքինվել են, 12 մահվան դեպք է գրանցվել։