4 հունիսի 2020 - 12:30 AMT
Նախարար․ Թոշակները տուն կառաքվեն, «Հայփոստի» մոտ գծանշումներ կլինեն

Հունիսի 3-ին «Հայփոստի» մի շարք գրասենյակներում, որտեղ 1000-ից ավելի կենսաթոշակառուների սպասարկման ծավալ կա, կուտակումներ են եղել, փոստային բոլոր բաժանմունքները հերթը վերահսկելու խնդիր ունեն, ասել է Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նշել է, որ օրվա երկրորդ կեսին արդեն իսկ դրական տեղաշարժ է եղել այդ առումով, գծանշվել են նաև փոստային մեծ բաժանմունքների դրսի հատվածները։ Նախարարը հայտնել է, որ հունիսի 4-ին արդեն գծանշման աշխատանքները կավարտվեն։

«Հունիսի 3-ին որոշվել է այս ամիս ևս փոստատարների օգնությամբ թոշակներն առաքել տներ։ Կարևոր է նշել, որ թոշակառուները հնարավորություն ունեն իրենց բանկային քարտերի վրա ստանալ գումար։ Սա պարտադիր բնույթ չի կրում և 100,000-ավոր թոշակառուներից քչերն են օգտագործում այդ միջոցը։ Կոչ եմ անում թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ թոշակը և հերթերից ու կուտակումներից խուսափել»,- ասել է նախարարը։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։