Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից $315 մլն վարկային միջոցներ կստանա, որոնք կուղղվեն բյուջեի ծրագրերի ֆինանսավորմանը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և ԱՄՀ միջև 2020-ի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրին:
Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկում է կանխատեսվում, ինչը չի կարող չազդել ՀՀ բյուջեի վրա։
«Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին դեֆիցիտի մեծացման կբերի՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի»,- ասել է նախարարը:
Նախագիծը ներկայացվելու է Սահմանադրական դատարան և Ազգային ժողով:
Ներկա պահին ՀՀ համար հասանելի են ընդհանուր առմամբ մոտ 206 մլն ՀՓԻ ($280 մլն) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ ($35 մլն) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։