Մոսկվայում դիմակ կրելու անհրաժեշտությունը կպահպանվի այնքան, քանի դեռ չի սկսվել զանգվածային պատվաստումը։ Դա կարող է լինել հոկտեմբերին կամ ավելի ուշ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Թե որքան ենք դիմակով մնալու, հիմնականում կախված կլինի զանգվածային պատվաստման ժամկետներից։ Ըստ տարբեր գնահատականների՝ հոկտեմբերից մինչև 2021-ի փետրվար ընկած ժամանակահատվածում»,- ասել է Սոբյանինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ ուզում է հավատալ, որ հոկտեմբերին արդեն կունենան պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակները։
«Կարծում եմ, մեկ տարուց լիովին կվերադառնանք նախկին ապրելակերպին»,- ասել է Սոբյանինը։
Հունիսի 4-ի դրությամբ Մոսկվայում կորոնավիրուսով վարակի 1998 նոր դեպք է գրանցվել։ Հունիսի 3-ին ապրիլի 23-ից հետո առաջին անգամ նոր դեպքերի քանակը 2000-ից պակաս է եղել։ Ընդհանուր վարակվել է 189,214 մարդ; Մայրաքաղաքում մեկ օրում դուրս է գրվել 3061 հիվանդ, մահացել է 69 մարդ։ Մոսկվայում ընդհանուր առմամբ վարակից մահացել է 2749 անձ։