4 հունիսի 2020 - 19:44 AMT
Թորոսյան․ Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ բուժել կամ կանխարգելել

Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել և բուժման համար չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս։ Ինչպես բոլոր վիրուսային հիվանդությունների, այս դեպքում ևս, կանխարգելել հնարավոր է միայն պատվաստումով, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հայտնել է, որ որոշ պացիենտներ միջազգային մամուլի հրապարակումներում կարդում են ինչ-որ դեղերի մասին, գնում և խմում դրանք, ինչը ճիշտ չէ։ Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։