5 հունիսի 2020 - 17:43 AMT
27-ամյա երիտասարդը կալանավորվել է 20,000 դրամանոցներ կեղծելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի 27-ամյա բնակչի կողմից կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 27-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 20-ին ընկերուհու անչափահաս որդուց տեղեկանալով, որ վերջինիս անչափահաս ծանոթը խաղալու նպատակով համակարգչի և տպիչի միջոցով պատրաստում և վաճառում է թղթադրամներ, հաջորդ օրը իրացման նպատակով տղայից ձեռք է բերել թվով 3 հատ 20 000 դրամ անվանական արժեքների թղթադրամներ:

Նույն օրն իր բնակարանում կոսմետիկ պարագաներ օգտագործելով, այդ թղթադրամների վրա տնայնագործական պայմաններում կատարել է ձևափոխումներ՝ կեղծել պաշտպանական նշանները՝ այդ կերպ պատրաստելով կեղծ թղթադրամներ, որոնք 2020թ. հունվարի 7-21-ն ընկած ժամանակահատվածում դնելով շրջանառության մեջ՝ իրացրել է Վանաձոր քաղաքում գործող տարբեր առևտրի կետերում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: