6 հունիսի 2020 - 13:22 AMT
Ալեքսիս Օհանյանը թողել է Reddit-ում պաշտոնը՝ իր փոխարեն սևամորթի նշանակելու հորդորով

Reddit-ի համահիմնադիր ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ որոշել է հեռանալ ընկերության տնօրենների խորհրդից և խնդրել է իր փոխարեն սևամորթ թեկնածուի ընդունել։

Reddit-ի համահիմնադիրը հեռանում է պաշտոնից` ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

«Ես Reddit-ի համահիմնադիրը դարձա 15 տարի առաջ, որպեսզի օգնեմ մարդկանց ընկերակցություն գտնել։ Վաղուց ժամանակն է ճիշտ բաներ անել։ Ես այսպես եմ վարվում հանուն ինձ, հանուն իմ ընտանիքի և երկրի»,-ասել է նա։

Նա նշել է, որ անում է դա որպես հայր, որը պետք է իր սևամորթ դստերը (Օհանյանն ու թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը 2-ամյա դուստր ունեն) կարողանա պատասխան տալ, երբ նա կհարցնի․«Իսկ դու ի՞նչ արեցիր»։ Օհանյանը նաև ասել է, որ Reddit-ի բաժնետոմսերից ապագայում ստանալիք եկամուտները ծառայեցնելու է աֆրոամերիկյան հանրությանը և կսկսի 1 մլն դոլար նվիրատվությունից ամերիկյան ֆուտբոլի խաղացող Քոլին Կապերնիկի «Իմացիր քո իրավունքը» ծրագրին։

Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։

Մինեապոլիսում և այլ քաղաքներում սկսված ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ոստիկանության 114 աշխատակից է տուժել։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։