8 հունիսի 2020 - 11:22 AMT
Արցախ կթույլատրվի մտնել միայն Covid-19-ի բացասական թեստ ունեցողներին

Արցախի սահմանը կթույլատրվի հատել միայն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում: Այդ մասին տեղեկացրել է նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ հայտարարելով կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման մասին։

Նշվել է, որ դա արվում է՝ ՀՀ-ում վարակիրների դինամիկայի աճը հաշվի առնելով։

Հարությունյանը հայտարարել է նաև, որ կհանձնարարվի անցակետերում ունենալ արագ թեստի հնարավորություն այն քաղաքացիների համար, ովքեր եկել են ու համապատասխան տեղեկանք չունեն։

Մյուս խստացումը կվերաբերի թաղումներին քաղաքիցների մասնակցության սահմանափակումներին։

Դիմակը պարտադիր կրելու պաանջ Արցախում չկա, սակայն, ըստ նախագահի՝ մոտ ապագայում այն պետք է պարտադիր դառնա։

Արցախում կորոնավիրուսով վարակի 59 հաստատված դեպք կա, որից 31-ն ապաքինվել է։ Թեստավորվել է 1162 անձ։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։