8 հունիսի 2020 - 15:34 AMT
ՌԴ-ն օտարերկրացիների կընդունի բուժման և հիվանդին խնամելու նպատակով

Ռուսաստանցիները կկարողանան արտերկիր մեկնել՝ ուսման, բուժման, հիվանդ հարազատներին խնամելու և աշխատանքի նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգման խորհրդի նիստում։

Օտարերկրացիները նույնպես կկարողանան ՌԴ մեկնել բուժման նպատակով, նաև հիվանդին խնամելու, հավելել է նա։ Համապատասխան հրամանագրերն արդեն ստորագրված են, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ-ն ամբողջությամբ փակել էր սահմանները ԱՀԿ կողմից պանդեմիա հայտարարելուց ի վեր։ Հունիսի 8-ի դրությամբ երկրում 476,658 վարակակիր է գրանցվել, ավելի քան 230,000 ռուսաստանցի ապաքինվել է, մահացել է 5971-ը։ Ըստ մասնագետների, հիվանդության պիկը հետևում է, իշխանություններն աստիճանաբար չեղարկում են սահմանափակումները։