8 հունիսի 2020 - 17:27 AMT
Նախարար․ 2020-ին ՀՀ տնտեսական ակտիվությունը ոչ թե զրոյական կլինի, այլ անկում կարձանագրի

2020-ին Հայաստանի տնտեսության ակտիվությունը ոչ թե զրոյական կլինի, այլ անկում կարձանագրի, հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչարյանը՝ հավելելով` կարևոր է, որ տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններ պահպանեն իրենց պոտենցիալը։

Նախարարի խոսքով՝ առավելապես խնդիրներ կան զբոսաշրջային ոլորտում, սակայն ճգնաժամից հետո կարելի է ստեղծարար առաջարկներով գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, փոխանցում է Yerkir.am-ը։

Նախարարի խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեծամասշտաբ փոփոխությունները հատկապես մեծ չափով են ազդում այն տնտեսությունների վրա, որոնք ինտեգրված են միջազգային տնտեսական հարաբերություններում, ինչպես Հայաստանը։

Խաչատրյանը հայտնել է, որ այժմ ներմուծման և արտահանման հետ կապված լոգիստիկ շղթաներն էապես վնասված են, իսկ տնտեսության վրա ազդեցության գնահատականը դեռ վերջնական լինել չի կարող։

«Տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5% անկում կարձանագրվի, ըստ գնահատականի 2021-ին նույն այդ տնտեսությունները կերականգնվեն նույն չափով։ Ես կարծում եմ, որ մենք բացառություն չենք լինելու աշխարհի մյուս տնտեսությունների համեմատությամբ»,- ասել է նախարարը։

2019 թվականը Հայաստանը փակել է 7,6% տնտեսական աճով՝ այսպիսով գրանցելով ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարվա ընթացքում։