8 հունիսի 2020 - 18:44 AMT
Փաշինյանը՝ ուժայինների ղեկավարներին ազատելու մասին․ Սեփական օրինակով ի ցույց դնել ծայրաստիճան կարգապահություն

ՀՀ-ում առավելապես պետական մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԱԾ, ոստիկանության ու ԳՇ պետերին աշխատանքից ազատելու մասին հարցին։

Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ էր ստացել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Վարչապետն առաջարկել էր աշխատանքից ազատել նաև ոստիկանապետ Արման Սարգսյանին։

Հունիսի 7-ին մամուլում հրապարակումներ էին եղել, որ ԳՇ պետը արտակարգ դրության ու բազմամարդ հավաքների սահմանափակման պայմաններում որդու հարսանիքն է նշել։

«Չեմ կարծում, թե մեր գործընկերների՝ ՀՀ-ին ու ժողովրդին ծառայություններ մատուցելու պոտենցիալը սպառված է և մենք, ըստ իրավիճակի, հնարավոր եմ համարում, որ քննարկենք հետագա ծառայությունը»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ցավում է նման զարգացումների համար, բայց կարծում է, որ նման իրավիճակում ՀՀ-ի պետական կառավարման որակի և անվտանգության շահը պահանջում էր այսպիսի որոշումներ։

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։