9 հունիսի 2020 - 15:42 AMT
Բերգամոյի բնակիչների կեսից ավելին կորոնավիրուսի հակամարմիններ ունեն

Իտալական Բերգամո քաղաքի բնակիչների կեսից ավելին կորոնավիրուսի հակամարմիններ ունի: Այս մասին հայտնել են քաղաքային առողջապահական գործակալությունից (ATS Bergamo), փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Բերգամոն Իտալիայում կորոնավիրուսի համաճարակից ամենատուժած քաղաքներից մեկն է։ Հակամարմինների թեստը հնարավորություն է տալիս հասկանալ՝ մարդն ունեցել է վիրուս, թե՝ ոչ։ Հակամարմինները նաև հնարավորություն են տալիս պարզել՝ կա կորոնավիրուսի դեմ իմունային ռեակցիա՝ անկախ նրանից, նկատվել են հիվանդության նշաններ, թե այն ասիմպտոմ է անցել։

Ապրիլի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտության համաձայն՝ Բերգամոյի բնակիչների 56.9%-ը կորոնավիրուսի հակամարմիններ ունի։ Առողջապահության համակարգի աշխատողների մոտ այդ ցուցանիշը 30.6% է։

Համաձայն վերջին տվյալների՝ Իտալիայում վարակակիրների թիվն անցել է 235,000-ը, նրանցից 166,000-ն առողջացել են։ Վիրուսից մահացել է 34,000 մարդ։ Իտալիայի 20 շրջանից 7-ում վարակի նոր դեպք չի գրանցվել։

Photo. REUTERS/Flavio Lo Scalzo/File Photo