9 հունիսի 2020 - 14:28 AMT
«ԹԻՄ»-ը ՏՄՊՊՀ-ից «Վեոն Արմենիայի» բաժնեմասի 100%-ը գնելու թույլտվություն է խնդրել

Հունիսի 8-ին «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: «ԹԻՄ»-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար, ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները», - նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայանը` հաստատելով լուրը:

«Team․Telecom Armenia-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն»-ի պաշտոնական կայքը նույնպես հայտնում է, որ հայաստանյան «Թիմ» ընկերության հետ քննարկումներ են սկսվել՝ հնարավոր վաճառքի շուրջ՝ շեշտելով, սակայն, որ քննարկումներն անպայման չէ, որ պետք է ավարտվեն վաճառքով։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմի» բաժնետերեր են (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական ներկայացրեց՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Եղբայրները հիմնեցին «Թիմ» ՍՊԸ-ն, որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։