9 հունիսի 2020 - 16:36 AMT
Իդրամը մեկնարկել է «Մի դրամի ուժը» ծրագիրը

Իդրամը հայտարարել է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի մեկնարկի մասին՝ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից» կարգախոսով։

Այն ուղղված է՝ աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և հանրային անվտանգություն։

Այսուհետ Իդրամ հավելվածով, կայքով և տերմինալների միջոցով հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամն իր ֆինանսական միջոցներից «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրի 1 դրամ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով Իդրամ համակարգով կկատարի վճարում, անմիջապես կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպան՝ առանց մի դրամ ծախսելու։

«Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե որքան հեշտ կարելի է դիմակայել մարտահրավերներին և լուծել մեր առջև ծառացած խնդիրները, երբ բոլորը համախմբված են նույն նպատակի շուրջ։ Այստեղ մի դրամի դերը սիմվոլիկ է և ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել վերջինիս ուժը, երբ մենք միավորվում ենք և մեր «մի դրամներն» ուղղում մեր երկիրը և շրջակա միջավայրն ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու նպատակին», - նշել է Իդրամ ՍՊԸ տնօրեն Արսեն Քդենյանը։

Մինչև օգոստոսի վերջ ընկած ժամանակահատվածում հավաքված «մի դրամների» ամբողջ գումարը կուղղվի ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային գյուղերի ու համայնքների աշակերտների համար հեռավար ուսուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, իսկ առաջիկայում կհայտարարվի ծրագրի 2020թ․ բոլոր շահառու կառույցների և նախագծերի շարքը։

Հավաքված «մի դրամների» գումարին իրական ժամանակում կարելի է հետևել նախագծի idram.am/1dram կայքում, ինչպես նաև Իդրամ հավելվածում և կայքում։