10 հունիսի 2020 - 11:11 AMT
Վարչապետ. Մասնակցեք հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը և մինչև 30 մլն դրամ դրամաշնորհ ստացեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է մասնակցել հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը, որը տեխնոլոգիական ոլորտին աջակցելու նպատակ ունի:

«Մասնակցեք, հաղթեք և ստացեք մինչև 30 միլիոն դրամ դրամաշնորհ»,- ասվում է գրառման մեջ։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհներից օգտվելու համար պետք է մասնակցեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած մրցույթներին։

1-ին և 2-րդ մրցույթներին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, իսկ 3-րդի համար՝ դեկտեմբերի 1-ը։

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել։

Կառավարության հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակում մշակվել են ՏՏ ոլորտի տնտեսավարողների համար դրամաշնորհային փաթեթներ, նպատակ ունենալով օժանդակել աշխատատեղերի պահպանությանը և խթանել ոլորտում նորարարական գաղափարների առևտրայնացմանն ու իրագործմանը: Նորարարական դրամաշնորհների առավելագույն չափը 10 միլիոն դրամ է, կայացած ընկերությունների դրամաշնորհների առավելագույն չափը 20 միլիոն դրամ։ Իսկ համաֆինանսավորման դրամաշնորհները կտրամադրեն համաֆինանսավորում ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ։