22 հունվարի 2009 - 19:18 AMT
Երեւանում կայացել է տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Հունվարի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում, նիստը վարել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Շեշտելով Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է խնդրի ընդհանուր հայեցակարգային մոտեցումները: Աշխատանքային խմբի անդամները կարծիքներ են փոխանակել փաստաթղթի կառուցվածքին, այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, երկրի տեղեկատվական անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին վերաբերող հարցերի մասին: Քննարկվել են նաեւ կազմակերպչական խնդիրներ:

Արթուր Բաղդասարյանը հանձնարարել է աշխատանքային խմբի անդամներին` մինչեւ փետրվարի 15-ը իրենց նկատառումները ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ: Նա նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնական տեսակետն ստանալուց հետո փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաեւ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ», ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի 2009 թվականի ծրագրով: Այն կնպաստի Հայաստանի տեղեկատվական անվտանգության համակարգի ձեւավորմանը, ինչպես նաեւ Հասարակական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների շրջանակում տեղեկատվության փոխանակման ու դրա անվտանգության ապահովման առաջնահերթությունների սահմանմանը: