10 հունիսի 2020 - 16:06 AMT
Լիտվան ՀՀ կգործուղի բժիշկների և փորձագետների

Լիտվան բժիշկների և փորձագետների կգործուղի Հայաստան։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է երկրի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը։

«Հայաստանը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։ Լիտվան կշարունակի աջակցել հայ բարեկամներին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բուժանձնակազմ և փորձագետներ գործուղել Հայաստան` Covid-19-ի դեմ պայքարում օգնելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։

Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։

Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ 4 երկրի, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100,000 եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։