10 հունիսի 2020 - 17:20 AMT
Փոխքաղաքապետ․ ՀՈԱԿ-ի նոր շենքում մոտ 300 թափառող շուն կտեղավորվի

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, անդրադառնալով թափառող շների խնդրին, Աժ-ում հայտարարել է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նոր շենքում մոտ 300 շուն հնարավոր կլինի պահել։

«Նախատեսվում է, որ ավելի արդյունավետ համակարգ կունենանք, որովհետև այսօր կառուցվում է ՀՈԱԿ-ի նոր շենքը, որում հնարավոր կլինի առանձնավանդակներում թե՛ բուժման, թե՛ մեկուսացման, թե՛ այլ նպատակներով պահել ավելի քան 300 շուն», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Փոխքաղաքապետը հավելել է նաև, որ թափառող շների մասով ստերջացման աշխատանքների նախատեսած ծավալի 50 տոկոսնը կատարված է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի դեմ քրգործ է հարուցվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը ՀՈԱԿ-ում 2019-ի կանոնադրական գործունեության ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Քրգործ է հարուցվել, տնօրենը փոխվել է։

Թափառող կենդանիների կողմից կծվածության դեպքերը ՀՀ-ում, ու, հատկապես, Երևանում վերջին շրջանում աճել են։ 2019-ին գրանցվել է թափառող շների կծելու 6515 դեպք, որից 1781-ը՝ Երևանում: 2020-ին ևս Երևանի մի շարք վարչական շրջանների բնակիչներ ահազանգում էին թափառող շների հարձակումների մասին: