11 հունիսի 2020 - 12:15 AMT
Վրաստանը բժիշկների խումբ կուղարկի Հայաստան

Վրաստանը պատրաստավում է բժիշկների խումբ գործուղել Հայաստան։ Այդ մասին վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում՝ նշելով, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:

Նրա խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք՝ մեր հարևան երկրներում վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները՝ միմյանց հետ։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է՝ առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան:

Սա Վրաստանից կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու առաջին ծրագիրը չէ։ Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Վիրահայերը, իրենց հերթին, արհեստական շնչառության 10 սարք են ուղարկել Հայաստան և «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» կարգախոսով դրամահավաք սկսել։

Վրացական Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ-ին ախտահանիչ 5 խցիկ կնվիրի՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում: