11 հունիսի 2020 - 16:18 AMT
Հոլիվուդում կինոարտադրությունը հունիսի 12-ից կվերսկսվի

Հոլիվուդում կինոարտադրությունը և հեռուստահաղորդումների նկարահանումները կվերսկսվեն հունիսի 12-ից։ Այդ մասին հայտարարել են Լոս Անջելեսի իշխանությունները։

Կինոթատրոնները, սակայն, փակ կմնան կորոնավիրուսի համավարակի պատճառով, թեև թանգարանները, հյուրանոցներն ու մարզասրահները կսկսեն գործել։ Իշխանությունները չեն պարզաբանել այդպիսի որոշման պատճառները, գրում է «Վեդոմոստին»՝ Reuters-ին հղումով։

Մինչդեռ Կալիֆոռնիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ կինոթատրոնները կբացվեն այցելուների 25% սահմանփակմամբ և այլ սանիտարական պահանջների պահպանմամբ։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարտի կեսից կինոթատրոնները փակվել են բազմաթիվ երկրներում։

Լոս Անջելեսի շրջանում ավելի քան 67,000 վարակակիր կա, կորոնավիրուսից մահացել է 2768 պացիենտ։