11 հունիսի 2020 - 18:45 AMT
Եվրախորհրդարանը մտահոգված է ՀՀ-Արցախ նոր ճանապարհի կառուցմամբ

Եվրախորհրդարանում մտահոգություն են հայտնել Հայաստանը և Արցախը կապող երրորդ մայրուղու շինարարության վերաբերյալ։ Այդ մասին ասվում է կառույցի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուի և Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ։

Շուտով սկսվելու է մայրուղու կառուցումը, որի մասին հայտարարվել էր 2019-ին։ Նշվում է նաև, որ այն կմիացնի Կապանն ու Արցախի Հադրութը՝ անցնելով նաև Կուբաթլիով և Ջաբրայիլով, որոնք «վերահսկվում են Արցախի կողմից»։

«Սկզբունքորեն մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային գործակցությանը Արևելյան գործընկերության շրջանակում, մարդկանց միջև կապերի հաստատմանն ու գործակցությանը։ Այնուամենայնիվ, մայրուղի կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների անօրինական օկուպացիան: Ուստի, մենք շատ մտահոգված ենք այս նախաձեռնությամբ, քանի որ այն չի նպաստում բարենպաստ պայմանների ստեղծմանը վստահության, խաղաղության և հաշտեցման համար», -ասվում է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և 2009-ին ընդունված հիմնարար սկզբունքներին։

«Որպեսզի միջնորդները հաջողության շանս ունենան, մենք կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Արցախի իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ՝ հարավային մայրուղին՝ Արաքսի ափամերձ հատվածով: