11 հունիսի 2020 - 18:57 AMT
Փաշինյանը՝ միջազգային աջակցության մասին․ Բարեկամ երկրների ժեստը չենք մերժի

Կան բարեկամ երկրներ, որոնք ցանկանում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին դժվար պահին և կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ եթե ՀՀ-ում կորոնավիրուսի վարակման ցուցանիշները մնան այս սանդղակում, ապա առոջղապահական համակարգը պատրաստ է այդ բեռը կրելուն։

«Այն երկրներից, որոնք նման ժեստ կանեն, մենք, իհարկե կընդունենք այդ աջակցությունը։ Եթե ամեն ինչ մնա այս տրամաբանության մեջ, այդ ժեստն առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական և հետո միայն՝ առողջապահական»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ևս պատրաստ է օգնել իր բարեկամներին դժվար պահերին։

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը համավարակի դեմ պայքարում առաջին հերթին օգնություն է պատրաստվում խնդրել իր քաղաքացիներից՝ հակահամաճարակային կանոնների պահպանման, ընդհատակյա միջոցառումներ չկազմակերպելու հարցով։

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։