12 հունիսի 2020 - 19:22 AMT
$1 մլն-ի բուժպարագաներ Սերբիայից` ՀՀ-ին

Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներ՝ $1 մլն արժեքով։

ՀՀ կհասցվեն 10 արհեստական շնչառության սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500,000 վիրահատական և 100,000 շնչառական դիմակ, 25,000 պաշտպանիչ ակնոց, 25,000 բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ, հայտնում են նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։

Նշվում է, որ աջակցության տրամադրումը նախաձեռնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը, նա ջերմ հարաբերություններ ունի Սարգսյանի հետ։

ՀՀ նախագահը սերբական կողմին է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն այս պահին ամենից շատ ունի իր քաղաքացիների աջակցության կարիքը՝ կապված հակահամաճարակային կանոնների պահպանման հետ, սակայն բարեկամ երկրների աջակցությունը չի մերժվի։

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 15,281-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 258 դեպք կա, այլ պատճառով՝ 86։ Առողջացածների ընդհանուր թիվը 5639 է։