13 հունիսի 2020 - 14:33 AMT
ՃՏՊ՝ Թորոսյանի մասնակցությամբ․ 10-ամյա երեխայի է հարվածել, կյանքին վտանգ չի սպառնում

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ՝ մեքենայի դանդաղ ընթացքում հարվածել է 10-ամյա մի երեխայի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը նախարարը։

Նա հայտնել է նաև, որ անմիջապես երեխային տեղափոխել է հիվանդանոց, նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։

Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն»,- ասվում է գրառման մեջ։

Թորոսյանը հավելել է նաև, որ դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանություն` նյութեր նախապատրատելու համար։