14 հունիսի 2020 - 12:18 AMT
ԱԱԾ-ն Ծառուկյանի առանձնատանն է

Հունիսի 14-ի վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանության աջակցությամբ խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը։

Տան դիմաց հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորներ, կուսակցության ակտիվիստներ ու Ծառուկյանի համակիրները։ Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ըստ Factor.am-ի՝ հայտնել է, որ խուզարկությունը կապված է 2017-ի ընտրությունների ժամանակ Մարտունիում ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի ֆինանսական խնդիրների հետ։

«Մեր բազմաթիվ կուսակիցների, համախոհների բնակարաններում այս պահին գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ: Այս իշխանությունն ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծություն», - հայտարարել է նա։

«Իմքայլական» որոշ նախարարներ, պատգամավորներ ու ակտիվիստներ, իրենց հերթին, Facebook-ում տարածում են, իրենց պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ պատճենների լուսանկարներ։

ԲՀԿ-ի ու «Իմ Քայլի» հարաբերությունները կտրուկ լարվեցին այն բանից հետո, երբ հունիսի 6-ին Ծառուկյանը հայտարարեց կառավարությունը 100 տոկոսով փոխելու անհրաժեշտության մասին։ Դրան հետևեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ակնարկը, թե Ծառուկյանը փողերի լվացման, ընտրակաշառք բաժանելու, հարկերից խուսափելու, կոռուպցիայի վերաբերյալ քրգործերով է մտահոգ, իսկ մամուլում հայտնվեցին Գագիկ Ծառուկյանին վերաբերվող 1979 թ․ կատարված բռնաբարության քրգործի մանրամասներ։ ԲՀԿ-ականները արձագանքեցին սուր քննադատությամբ, հրապարակեցին Ծառուկյանի արդարացման դատավճիռն ու մեղադրեցին իշխանությանն այլակարծությունը ճնշելու մեջ։