15 հունիսի 2020 - 19:05 AMT
Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունն ԱԺ-ում է

Ազգային ժողովը ստացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը։

«Համաձայն Ազգային ժողով կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի` տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր»,- ասվում է գրառման մեջ։

Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ Ծառուկյանին ԱԱԾ շենքի բակում սպասում էին նրա համակիրներն ու կուսակցության անդամները։

ՀՀ սահմանադրության համաձայն՝ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ, կամ հանցագործության կատարման պահին։ Ըստ փաստաբանների՝ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։