15 հունիսի 2020 - 19:55 AMT
«Լինի Ծառուկյանը ճիշտ, թե սխալ». Հավատարմության խոստումներ՝ ԲՀԿ-ականներից (Ֆոտո)

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առնվազն 4 պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սերգեյ Բագրատյանը և Նապոլեոն Ազիզյանը հավատարմության և 2017-ի ընտրություններում ձայներ ապահովելու մասին գրավոր խոստում են տվել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, դրանք կարելի է տեսնել Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութում։

Դրանում երևում են պատգամավորների անունով ու ստորագրությամբ նամակներ, որտեղ, օրինակ, Նապոլեոն Ազիզյանը նշում է, որ հավատարիմ կլինի Ծառուկյանին քանի ողջ է՝ «լինի Ծառուկյանը ճիշտ, թե սխալ»։ Ազիզյանի անունով ստորագրված թղթի վրա գրված է՝ թե չկատարի խոստումը, «աշխարհի ամենաանբարոյական մարդն է»:

Կուսակցության մյուս պատգամավոր Սերգեյ Բագրատյանի անունով ստորագրված թղթի վրա երևում է, որ 7000 ձայն չապահովելու դեպքում ինքը հրաժարական կտա, եթե պահանջի ԲՀԿ ղեկավարը։ Թղթի վրա գրված է՝ «պայմանավորվածությունից խուսափողը անբարոյականի զավակ է»։

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անունով ստորագրված թղթի վրա գրված է, որ 7000 ձայն չապահովելու դեպքում գիտակցում է, որ իր հետագա գործունեությունը կախված է կուսակցության առաջնորդի որոշումից։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունով գրված թղթի վրա նշվում է, որ ինքն այլևս չի անելու հայտարարություններ, որոնք «նախապես չեն քննարկվել և համաձայնեցվել Ծառուկյանի հետ»։

«Ես երաշխավորում և երդվում եմ իմ միակ, ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով, որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող, և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու»,- գրված է թղթում ու հավելված՝ սա պատվի հարց է։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր անձի հետ կապված համացանցում կեղծ տեղեկություն է շրջանառվել, թե խոստացել է ԲՀԿ-ին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում։ Պատգամավորը նշել է, որ տեղեկությունը կեղծ է, ինքը դիմելու է դատարան։

2017-ին ԲՀԿ այն ժամանակվա խոսնակ Իվետա Տոնոյանը նշել էր, որ իրենց թեկնածուները պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ գրել են ընտրություններից առաջ։ Նա նշել էր, որ պայմանավորվածությունները եղել են այն մասին, թե թեկնածուներից ով որքան ձայն կարող է ապահովել դաշինքի համար, կամ ով ընտրողների ինչ քանակի վստահություն է վայելում: Սակայն ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ «այդ թեկնածուները անգամ իրենց նշած և բարձրաձայնած ձայների կեսը չունեն», ինչն էլ համապատասխան գնահատականի է արժանացել։ 2017-ի ընտրություններից հետո «Ծառուկյան դաշինքից» ինքնաբացարկի դիմումներ գրած 23 թեկնածուներից շատերը գնացել էին ԿԸՀ՝ հայտարարելու, որ ցանկանում են ստանալ մանդատը: Նաև եղան պնդողներ, որ մանդատից հրաժարվելու դիմումներ իրենք չեն գրել:

Հավատարմության խոստումների և երդումների ցանկը հայկական քաղաքական դաշտում միայն թղթային տարբերակով ու ասածը չանելու դեպքում «անբարոյաանի զավակ» լինելու հայտարարությամբ չի սահամնափակվում․ եղել է նաև ճկույթ կտրելու դեպք։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հովհաննես Վարդանյանը, որը, նախկին ոստիկան է, ժամանակին եղել է Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալը, նրա հետ խնդիր է ունեցել և որպես հավատարմության նշան՝ կտրել է իր ճկույթն ու ուղարկել այն Գասպարյանին: 2016-ին Վարդանյանն իր քայլը «երիտասարդ տարիների ռոմանտիզմ» էր անվանել։