16 հունիսի 2020 - 10:34 AMT
Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին․ Բոլորը հավասար են օրենքի առաջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործերի հարուցմանը, նշել է, որ ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի՝ բոլորը հավասար են օրենքի առաջ:

«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն և հանգեն օրենքով նախատեսված արդյունքի»,- ասվում է գրառման մեջ։

Կից վարչապետը հրապարակել է ԱԱԾ տեսանյութը Ծառուկյանի տնից։

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։